Skip to content

Ամանորյա համերգային ծրագիր` «Ճախրուկ»-ների կատարմամբ. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Խարբերդի մասնագիտացված մանկատանը համերգային երեկո է` բեմում «Ճախրուկ»-ներն են: Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել մանկատանը կազմակերպված ամանորյա միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Տոնական միջոցառմանը մասնակցելու համար մայրաքաղաք էին եկել նաև Գավառի մանկատան սաները:

«Ճախրուկ»-ների համար տարեվերջյան համերգը մեծ նշանակություն ունի, որին նրանք երկար են պատրաստվում: Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից բաղկացած «Ճախրուկ» խմբի մի մասը յուրացրել է որևէ երաժշտական գործիք, մյուս մասը վոկալային ունակություններն է զարգացրել:

«Ճախրուկ» ՀԿ հիմնադիրներ Մխիթարյան քույրերը այս տարի իրենց սաներին հանդիսատեսին են ներկայացրել նոր երգացանկով: Մի քանի ստեղծագործությունների կատարման ժամանակ էլ հյուրերին խնդրել են ձայնակցել ու նվագակցել «Ճախրուկ»-ներին:

Համերգային ծրագրի ավարտին Աննա Հակոբյանը «Ճախրուկ» մշակութային կենտրոնի համահիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանների կողմից ստացավ «Ճախրուկ» խորհրդանիշը, ինչպես նաև Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների պատրաստած ձեռագործ նվերներ: Աննա Հակոբյանի կողմից էլ մանկտան սաներն են նվերներ ստացել:

Խորհրդանշական տնակներ են ստացել նաև մյուս հյուրերը, իսկ Մխիթարյան քույրերին Անահիտ Մանասյանի կողմից հանձնվեց Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագիր:

Միջոցառման վերջում Աննա Հակոբյանը մասնակցել է ավանդական տոնածառի զարդարման արարողությանը, քաղցրավենիք է կախել ու երազանք պահել:

Խարբերդի մասնագիտացված մանկատունը շուրջ 240 սան ունի, որոնք բոլորը մեծ ուշադրություն են դարձնում արվեստին ու արհեստին: Մանկատանը գործում են փայտագործության, կավագործության, կարպետագործության, երգի ու պարի, նկարչության խմբակներ: