Skip to content

Աննա

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին,
հասարակական գործիչ, լրագրող

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտասահմանում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Լինելով ակտիվ հասարակական գործիչ` Աննա Հակոբյանը բազմիցս մասնակցել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, թե´ որպես լրագրող, թե´ որպես հասարակական գործիչ:

2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Աննա Հակոբյանն, արդեն որպես երկրի առաջին դեմքի տիկին, ավելի ընդարձակեց գործունեության իր շրջանակները:

2018 -2020 թվականներին «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։

2018 թվականից «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) արշավի նախաձեռնողն է:

Աննա Հակոբյանն ունի 4 զավակ՝ 3 դուստր և մեկ որդի։