Skip to content

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ներկա է գտնվել «Ձյունե Թագուհին»  սառցե շոուին

Օգոստոսի 26-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին»  սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: Արփիի համար կրկնակի ոգևորիչ է եղել միջացառման մասնակցությունը, որովհետև նա նշված մարզադպրոցի սանն է:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ու Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

Գարիկ Գրիգորյանն Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով սառցե շոուում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից:

Ըստ Գրիգորյանի՝ որպեսզի ներկայացումն ավելի ազդեցիկ լինի և հանդիսատեսն իրեն զգա իրական հեքիաթում, վառ ու գունեղ շոու ծրագրում օգտագործվել են և կրկեսային հնարքներ, և գեղասահորդների բարդ ցատկեր, և հատուկ պարային համարներ՝ սառույցի վրա։

Կայի ու Գերդայի ջերմ ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա ներկայացված է կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ: