Skip to content

Աննա

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին,
հասարակական գործիչ, լրագրող

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Լինելով ակտիվ հասարակական գործիչ՝ Աննա Հակոբյանը բազմիցս մասնակցել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին թե´ որպես լրագրող, թե´ որպես հասարակական գործիչ արտահայտել իր տեսակետը:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ նույնպես Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված քայլարշավի ողջ ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ:

2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Աննա Հակոբյանն, արդեն որպես երկրի առաջին դեմքի տիկին, ավելի ընդարձակեց գործունեության իր շրջանակները:

Ներկա դրությամբ տիկին Հակոբյանի գործունեությունն ունի երկու հիմնական ուղղություն՝ «Իմ քայլը» հիմնադրամը և «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) արշավը:

Աննա Հակոբյանի ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: «Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- ասել է Աննա Հակոբյանը հիմնադրամի շնորհանդեսին:

Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ երեք ձևաչափով: Առաջին՝ կամուրջ է լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ հիմնադրամը կունենա սեփական նախագծերը:

«Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատում է: Աննա Հակոբյանը նշել է, որ արշավի ուղերձն առաջին հերթին կնոջ և մոր խոսք է։ «Կանայք կարող են համախմբվել, միանալ և իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին այլևս կրակոցներ չլինեն ու կողմերը զոհեր չտան, մինչև երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման»:

Աննա Հակոբյանը վստահ է, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն ունեն 4 զավակ՝ 3 դուստր և մեկ որդի: Նրանց որդին այժմ ծառայում է Արցախի ՊԲ-ում: