Skip to content

Աննա Հակոբյանը Ժնևում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան և համայնքի այլ հայտնի հասարակական մշակութային գործիչներ: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մենք մեր խնդիրները կլուծենք նույնքան հաջող՝ սիրո և համերաշխության մթնոլորտում: Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, և բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»

,- ասել է Աննա Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու հեռանկարին թավշյա հեղափոխությունից հետո բոլորն են հավատում, այդ թվում՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։

«Իսկ հավատն ամենակարևորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, և մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերևս ամենաբարի և սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» հիմնադրամը լրագրության ոլորտին առնչվող ծրագրեր ունի, Աննա Հակոբյանը խիստ կարևորել է որակյալ լրատվական դաշտի դերը՝ նշելով, սակայն, որ այս պահին հիմնադրամը լրագրության հետ կապված ծրագրեր չունի:

«Բայց շատ կցանկանամ, որ ապագայում մեր լրագրողների համար ստեղծենք հնարավորություն՝ վերապատրաստվելու արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում»,- նշել է նա: