Skip to content

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագրին

Դեկտեմբերի 20-ին Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանում անցկացվել է «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Միջոցառումը Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանի և ԿԱՊԿՈւ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) ապագա զբոսավարների գործակցության արդյունքն է:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդները սովորում են հայ-հունական պետական քոլեջում` խորացված օտար լեզուների իմացությամբ զբոսաշրջության ֆակուլտետում:

Միջոցառման ընթացքում քոլեջի 3 ուսանողներ հանդես են եկել կարճ դասախոսություններով` թանգարաններ, մշակույթ և մարդու պահանջմունքներ թեմաներով: Երիտասարդները հյուրերին են ներկայացրել նաև իրենց երաժշտական կարողությունները` երգել ու նվագել են լսարանի համար:

Սա բժշկական թերապիա էր. ամենաթանկ բանը, որ պետք է գնահատենք, մարդկային ռեսուրսն է, որը պետք է օգտագործվի առավելագույն արդյունավետությամբ` նշել է հատուկ մանկավարժ Զեմֆիրա Եգանյանը:

Ծրագրի կարևոր նպատակերից է նաև թանգարաններում երիտասարդներին իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ստեղծելը:

Վարչապետի տիկինը միջոցառման պաշտոնական հատվածից հետո շփվել է երիտասարդների և նրանց ծնողների հետ, շնորհակալություն հայտնել հիանալի դասախոսությունների ու միջոցառման համար:

Միջոցառմանը հաջորդել է կարճ շրջայց թանգարանում: