Skip to content

Համերգ-նվիրում Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին ներկա է գտնվել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին:

Սա հերթական, բայց ոչ շարքային համերգ է` նշել է խմբավար Սոնա Հովհաննիսյանը, սա համերգ-նվիրում է հոբելյարներ Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին: Համերգին ներկա էին նաև հոբելյարները:

«Հովեր»-ի հիմնադիր-ղեկավարի խոսքով, անվանի երաժիշտները երգչախմբի կողքին են եղել առաջին օրերից և մեծ ավանդ ունեն «Հովեր»-ի ավելի քան 30-ամյա գործունեությունում:

Համերգը մեկնարկել է սոլո կատարումներով, ապա հնչել են ստեղծագործություններ նաև երգչախմբի կատարմամբ: Թե՛ մենակատարների պարագայում և թե՛ երգչախմբի, հնչել են նաև առաջին կատարումներ` պրեմիերաներ:

Համերգի նման ֆորմատը երգչախմբի նախաձեռնությունն է, ծրագիրը կազմվել է մենակատարների առաջարկներով: Երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը հատուկ կարևորում է փաստը, որ մենակատարները Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտներն են և սոլո ելույթները նրանց կարիերայում կարևոր բաղադրիչ են:

Այս համերգը «Հովեր» պետական կամերային երգչախմբի այս տարվա նախավերջին համերգն է, ևս մեկ` տոնական ամփոփիչ համերգով «Հովեր»-ը բեմ կբարձրանա դեկտեմբերի 26-ին` Մատենադարանում:

Համերգի ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել երգչախմբին և Սոնա Հովհաննիսյանին համերգի համար և իր նոր երգը, որը դեռ չի հնչել, նվիրել երգչախմբին:

Աննա Հակոբյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին հոբելյանի առթիվ և Սոնա Հովհաննիսյանին՝ հիանալի համերգի կապակցությամբ: