Skip to content

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի ախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

«Բերքի տոն»-ի կազմակերպիչ «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է «Կանաչ ուսուցման կենտրոն»-ը, մանրամասներ ներկայացրել «Բերքի տոն»-ի վերաբերյալ: Քննարկել են նաև, թե ինչ հնարավորություններ կան մեր երկրում գյուղատնտեսությունը կայուն, շահավետ ու բարձրարժեք դարձնելու համար:

Ամենամյա բերքի փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Այս տարի կլինեն նաև B2B ֆորմատով հանդիպումներ ու կլոր սեղան քննարկումներ:

Ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից մասնակցում են այս տարվա «Բերքի տոն» փառատոնին: