ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 27-ին հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Եվրոպոլը ԵՄ-ի իրավապաշտպան կառույց է, որն աջակցում է միության 27 երկրներին ահաբեկչության, կիբերհանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Քեթրին դը Բոլին ներկայացրել է հոկտեմբերի 19-20 Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները: Աննա Հակոբյանի խոսքով, աշխարհի տարբեր ծայրերում այսօր պատերազմներ են, որոշ տարածաշրջաններում մեծ է ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը և այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնող, բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք միավորվեն, լուծում գտնեն ու աշխարհն ավելի անվտանգ դարձնեն՝ ընդգծել է վարչապետի տիկինը:
Երևանում անցկացվող գագաթնաժողովը մյուսներից տարբերվելու է նրանով, որ այս անգամ միայն կանայք են մասնակցելու միջոցառմանը, հարթակը ծառայեցնելու են մտքեր փոխանակելու, վերլուծելու, առկա վտանգները վերհանելու ու դրա դեմ պայքարելու համար:
Երկխոսության ընթացքում Աննա Հակոբյանն ու Քեթրին դը Բոլը կարևորել են նաև կանանց ներգրավվածության ավելացումը երեխաների կյանքեր փրկելու հարցում՝ արձանագրելով փաստը, որ վերջին տարիներին պատերազմների ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, ինչն աններելի է:
Վարչապետի տիկինը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանում ներդրված պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության, կառավարության որդեգրած քաղաքականության մասին մանրամասներ, ըստ որի՝ այս պահին առկա թափուր հաստիքները համալրվելու են կանանցով:
Աննա Հակոբյանը Քեթրին դը Բոլին հրավիրել է մասնակցել Երևանում կայանալիք գագաթնաժողովին և ընդծել՝ բոլոր հյուրերին առաջարկում է Հայաստան ժամանել ոչ թե 2, այլ 4 օրով, որպեսզի ժամանակ լինի մշակութային ծրագրերին մասնակցելու և Հայաստանը վայելելու համար:
Քեթրին դը Բոլը նշել է, որ նախաձեռնությունը շատ հետաքրքիր է և կարևոր, վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովը շատ արդյունավետ է լինելու: Քեթրին դը Բոլը նշել է՝ կփորձի անել առավելագույնը՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար: