ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է հունիսի 7-8-ը անցկացվող «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին ելույթ է ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ընդգծել, որ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխատհային ցանցը հնարավորություն է տալիս ծառայել գենդերային հավասարության, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար, ինչը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է: Աննա Հակոբյանի խոսքով, դա առավել արդիական է այսօր, երբ աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:
Աննա Հակոբյանը ներկաներին պատմել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում հրապարակված մի հոդվածի մասին, որտեղ երեխան, ի պատասխան հարցին, թե որն է իր ամենամեծ ցանկությունը, պատասխանել է. «Ուզում եմ դառնալ թագավոր, որ վերջ դնեմ պատերազմներին»: Տիկին Հակոբյանը հիշեցրել է ևս մեկ հրապարակում միջազգային լրատվական դաշտից, որտեղ գրված է եղել՝ «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել:
«Ես լիովին վստահ եմ, որ հայ տղան իր մտքում պաշտպանում էր բոլոր երեխաներին Ուկրաինայում և այլուր, երբ երազում էր թագավորի իշխանության մասին։ Ես վստահ եմ՝ ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում, անկախ նրանից որտեղ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում թե Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Աննա Հակոբյանը:
Ըստ տիկին Հակոբյանի՝ երեխաների պաշտպանության օրը ստեղծել են մեծահասակները: Նրանք են ստեղծել նաև բյուրոկրատիան, ինստիտուտներն ու ռազմավարությունները: Հիմա մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել՝ 992 երեխա։ Եվ սա միայն մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունքը հնարավոր չէ ապահովել:
«Սա անհատական և խմբային ձախողում է: Եկեք մտածենք սրա մասին: Գուցե որոշումներ ընդունող, համայնքներ ղեկավարող կամ ակտիվիստ կանայք կարողանան փոխել բռնություն գործադրելու արատավոր սովորույթը: Ես կարծում եմ, որ այդպես են մտածել 20 տարի առաջ, երբ ընդունվել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևը: Եվ չնայած կանանց դերի բարձրացման համընդհանուր պայմանավորվածությանը, մենք մինչև հիմա թերներկայացված ենք անվտանգության ու խաղաղության հետ փոխկապակցված ցանկացած ոլորտում: Կարծում եմ, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք այս իրավիճակը փոխելուն միտված ավելի վճռական որոշումներ կայացնելու պատասխանատվություն պետք է ստանձնեն»,- ասել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինն ընդգծել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր վրա զգացել է պատերազմների աղետալի ազդեցությունը, հավելել, որ մեր ազգը հիմա էլ շարունակում է հարձակումների ականատեսը լինել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ապրում են անմարդկային շրջափակման մեջ՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման պայմաններում:
«Չնայած այս ամենին, մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող երկրների պարագայում՝ կլինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը թե մեկ այլ երկիր»,- շեշտել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ռազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է մեծացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության և ատելության խոսքն է:
Վարչապետի տիկինը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-20 Երևանում կանցկացվի «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով: Երկօրյա քննարկումների կենտրոնում լինելու են ժողովրդավարությանը, խաղաղությանն ու անվտանգությանը ուղղված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ամբողջական, հավասար ու գնահատելի ներգրավվածության հարցին:
Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երևանյան գագաթնաժողովին միջազգային լայն մասնակցություն կլինի, քանի որ դա կին առաջնորդներին տրամադրվող կարևոր և համընդհանուր հարթակ է:
«Իմ կողմից խոստանում եմ, որ Երևանում դուք կտեսնեք աշնան գեղեցկությունն ու հայկական ջերմ հյուրընկալությունը: Հույս ունեմ բոլորիդ հյուրընկալել Երևանում, ուր դուք կբերեք ձեր ձայնն ու գործողությունները՝ ավելի արդար ու ապահով աշխարհ ունենալու համար»,- ելույթի վերջում ասել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տինոջ ելույթին նախորդել էր Հայաստանի մասին պատմող տեսանյութի ցուցադրություն:
«Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովը հոբելյանական է՝ արդեն 10-րդ տարին է, ինչ աշխարհի տարբեր երկրների կին քաղաքական գործիչները հավաքվում են մեկ վայրում և քննարկում այդ պահի կարևոր հարցերը: 2023-ի գագաթնաժողովի հիմնական թեմաներն են խաղաղությունը և անվտանգությունը: Գագաթնաժողովին մասնակցում է շուրջ 250 կին քաղաքական, հասարակական գործիչ ավելի քան 50 երկրից:
Մոլդովայի նախկին վարչապետ Նատալյա Գավրիլիտան էլ իր ելույթում վստահեցրել է ամբողջ դահլիճին՝ կառավարումը կնոջ աշխատանք է: Բերել իր երկրի օրինակը, որը բացառիկներից է, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը, խորհրդարանի 40 տոկոսը կանայք են, ինչն էլ ապացուցում է՝ կանայք ունակ են երկիր կառավարել:
Աննա Հակոբյանը ներկա է եղել 4 պանելային քննարկումների, որի ընթացքում տարբեր երկրներ ներկայացնող բանախոսները խոսել են կանանց ներգրավվածության կարևորությունից և դերից՝ խաղաղության ու անվտանգության օրակարգում, կանանց մասնակցությունը ակտիվացնելուն ուղղված հնարավոր քայլերից, ապատեղեկատվությունից, սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորություններից:
Այս տարի առաջին անգամ գագաթնաժողովի ընթացքում աշխարհի ամենախաղաղ երկրներին հանձնվել են «Խաղաղության մրցանակներ»: Մրցանակիրների շարքում են Իսլանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Կանադան, Բուլղարիան, Բոտսվանան:
Գագաթնաժողովի ընթացքում Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի, «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորումի» համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի ու մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: