
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մարտի 8-ին անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ․ կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովը։
Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, գործադիր ու օրենսդիր մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը քաջաբար զոհաբերած հերոսների հիշատակը։ Աննա Հակոբյանը վստահեցրել է, որ հերոսների կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությությունն է՝ երջանիկ քաղաքացիներով։
Բացման խոսքով հանդես է եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, համոզմունք հայտնել, որ մեզ և մեր միջավայրը ավելի լավը, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձնելու համար հնարավորություններ են անհրաժեշտ: Դրանք պետք են երջանիկ լինելու և ուրիշների երջանկությանը նպաստելու համար:
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ դարերով կանանց սովորեցրել են՝ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Վարչապետի տիկինը վստահեցրել է՝ այս չափանիշներով երջանիկ հայ կնոջ հանդիպելը գրեթե անհնար է: Պետք է հասկանալ, սակայն, հայ կանայք ուզում ե՞ն երջանիկ լինել՝ հարց է ուղղել Աննա Հակոբյանը:
Խոչընդոտները հաղթահարելու համար է անհրաժեշտ երջանիկ լինել, երջանկությունը սիրո զգացողությունն է, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ՝ շարունակել է վարչապետի տիկինը: Սերը կենդանի երևույթ է, պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա:
Սիրել ու երջանկացնել է պետք ոչ միայն նեղ ընտանեկան շրջապատին, այլ նաև ավելի ընդարձակել այդ զգացողության տարածումը։ Ոստիկանը սեր է տածում հազարավոր մարդկանց նկատմամաբ, պահպանում հասարակական կարգը և նրանց անվտանգությունը, բժիշկը սերն արտահայտում է հազարավոր մարդկանց բուժելով, դատավորը՝ հարյուրավոր մարդկանց համար արդար որոշումներ կայացնելով, զինվորականը՝ հայրենիքի սահմանները անառիկ պահելով ու ժողովրդի անվտանգությունը ապահովելով և այս շարքը շատ երկար է՝ օրինակներ է բերել վարչապետի տիկինը։
Չի եղել տևական մի ժամանակաշրջան, երբ հայ կինը մեր երկրում երջանիկ է եղել՝ շարունակել է վարչապետի տիկինը։ Մի կարճ ժամանակաշրջան՝ 2018-ի հեղափոխությունից հետո երջանկության մոլեկուլներ էին պտտվում մթնոլորտում, իսկ հեղափոխությունը հնարավոր եղավ իրականացնել, քանի որ դրան, տղամարդկանց հետ միասին, մասնակցում էին նաև կանայք՝ ընդգծել է Աննա Հակոբյանը և վստահեցրել, ուժեղ և երջանիկ պետություն հնարավոր կլինի կառուցել միայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն այդ գործին։ Վարչապետի տիկինը շեշտել է՝ հայ կանայք պարտավոր են երջանիկ լինել և երջանկություն բերել:
Վարչապետի տիկնոջ ելույթին հաջորդել են Հայաստանի պետական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած կանանց ելույթները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ կնոջ իր իդեալը խելացի կինն է։ Խելացի կինը ազատ է, համարձակ, պատասխանատու, ունակ է սիրելու և նվիրվելու՝ համոզմունք է հայտնել Աննա Վարդապետյանը: Խելացի լինելը ընտրություն է, ոչ թե շնորհ՝ ընդգծել է գլխավոր դատախազը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է պետության ու հասարակության՝ կանանց համար հավասար պայմաններ ապահովելու պարտավորության մասին: Նշել՝ կինը ինքը կորոշի ինչ մասնագետ դառնա, որտեղ գործունեություն ծավալի, քանի երեխա ունենա, անհրաժեշտ է պարզապես ստանալ այդ հավասար պայմանները:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև անվտանգային միջավայրին։ Ըստ Գրիգորյանի, կանանց մասնակցությունը խաղաղաշինությանը ոչ թե գենդերային հավասարության, այլ գլոբալ անվտանգային հարց է: Գրիգորյանն արձանագրել է, որ անվտանգության կարևորագույն որոշումներ կայացնող մարմիններում երբևէ կանանց չեն ներառում՝ մինչև օրս, սակայն խաղաղության հաստատման գործում պետք է օգտագործել ամբողջ հասարակության ինտելեկտն ու ունակությունները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում կարևոր ուսումնասիրության մասին է խոսել՝ մեր երկրում կանանց բոլոր արձանները խորհրդանշական են ու միասնական կերպար են արտացոլում։ Իսկ տղամարդկանց արձանները կոնկրետ անհատների կերպարներ են։ Մեջբերելով մարզային այցերից ստացած տպավորությունները՝ Անդրեասյանը խոսել է աշխատանքային հավասարության անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ կին, թե տղամարդ հավասար են և պետք չէ կանանց երեկոյան աշխատանքի չվերցնել կամ ժամային բաժանում անել։ Նախարարը դրական տեղաշարժ է համարել տասը լավագույն մարզիկների ցանկում կին մարզիկների հատնվելու հանգամանքը։
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդգծել է, որ աշխատանքում կանայք հաճախ ավելի մեծ հաջողություններ են ունենում: Նա օրինակ է բերել մի քանի դեպք, երբ միջազգային գործընկերները Էջմիածնի համար ծրագրեր են հաստատել, որոնք մերժել են նույն դիրքերում կանգնած այլ համայնքի համար։ Վստահ է, համայնքներում կանայք ավելի ազատ ու անկաշկանդ են գործում, նրանց վրա որևէ լծակով ազդել հնարավոր չէ։ Խոսելով քննադատությունից՝ Գասպարյանը ներկայացրել է իր տեսակետը, որ կանայք մեր երկրում ավելի շատ, ավելի կոպիտ ու կոշտ քննադատության են արժանանում հենց կանանց կողմից։
Ելույթներին հետևել են պանելային քննարկումները, որտեղ իրավապահ, առողջապահական համակարգում աշխատող կանայք պատմել են իրենց աշխատանքային դժվարությունների մասին, ընդգծել են կանանց ներգարվվածության կարևորությունը յուրաքանչյուր ոլորտում։ Դահլիճում նստած հարյուրավոր կանանց առջև պանելային քննարկման բանախոսները պատմում էին նաև աշխատանքը տնային պարտականությունների, երեխաների դաստիարակության հետ համադրելու իրենց պատմությունները։
Պանելային քննարկումներից մեկի բանախոսները ձեռներեցներ են եղել, որոնք ընդգծել են բիզնեսում կանանց դերի կարևորությունը։ Բանախոսները պատմել են բիզնես սկսելու իրենց պատմությունները, թե ինչ բարդությունների առաջ են կանգնել այդ գործընթացում։ Ըստ բանախոսների, լավ ձեռներեց լինելու համար կարևոր չէ կին ես թե տղամարդ, կարևորը գործից հասկանալն ու աշխատասեր լինելն է։
Արդարադատության ոլորտում ներգրավված կանայք ներկայացրել են՝ արդյոք բարդ է տղամադրկանց ղեկավարելը․ շատերը պնդել են, որ բարդ չէ, սակայն, բանախոսների կարծիքով, գուցե բարդ է կին ղեկավար ունենալը։ Իսկ լավ ղեկավար լինելը ոչ մի պարագայում պայմանավորված չէ սեռով՝ վստահեցրել են պանելային քննարկման մասնակիցները։ Արդարադատ լինելու տեսանկյունից հիշեցրել են հունական դիացաբանությունը․ Ֆեմիդան` արդարադատության աստվածուհին կին է՝ փակ աչքերով, կշեռքը ձեռքին։ Մոտ 20 տարի դատական համակարգում աշխատած ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանն անդրադարձել է նաև կին դատավոր լինելու վերաբերյալ կարծրատիպերին, որոնք տարիներ առաջ մեր երկրում առկա էին։ Հիմա Հայաստանում դատական իշխանությունում կանանց ներգրավվածությունը գրեթե հասնում է 40 տոկոսի, ինչը միջազգային ստանդարտ է։ Կարծրատիպը գրեթե կոտրված է։ Պանելային քննարկմանը մեջբերվել են վարչապետի խոսքերը, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և նրանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:
Պանելային քննարկման են մասնակցել նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, այդ թվում՝ փրկարարական ուժերից ու պարեկային ծառայությունից։ Խոսել են ուժային կառույցներում կանանց ներգրավվածության, նրանց հետաքրքրվածության մասին։ Բանախոսները վստահեցրել են, որ տղամարդկանց ու կանանց կարողությունները պետք է համատեղել և ավելի արդյունավետ ծառայություն մատուցել։
Պանելային քննարկումներից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նաև մտերմիկ զրույցներ է ունեցել տոնական միջոցառման մասնակիցների հետ, շնորհավորել բոլոր ներկաներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

























