Skip to content

Այց Դվինի հնավայր, Ֆրանկոֆոնիայի այգի և Նոր Կյանքի լորաբուծարան. Աննա Հակոբյանի այցը Արարատի մարզ

Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոր Կյանք գյուղում  հիմնադրված «Տեսիլ Էկո» լորաբուծարան: Ընկերության հիմնադիրներ Սիլվարդ Այվազյանի ու Տելեմակ Սահակյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է ֆերմայում:

Ըտանիքը 2 տարի առաջ է հայրենիք վերադարձել, բիզնեսը 20 թռչնով են սկսել, հիմա ունեն 20 հազարից ավելի լոր, օրական 5000 ձու են հավաքում և շուրջ 200 հատ լոր  վաճառում: Բիզնեսը զարգացնելու նպատակով օգտվել են նաև պետական աջակցության ծրագրերից:

Վարչապետի տիկինը ծանոթացել է արտադրական ամբողջ ցիկլին` ինկուբատոր, թռչնագոմ, սպանդանոց, փաթեթավորում:

Արտադրանքը հիմնականում Երևանում են սպառում, վերջին շրջանում պահանջարկի ավելացում են նկատում:

Վարչապետի տիկնոջ գնահատմամաբ Սիլվարդի և Տելեմակի քայլը հայրենադարձման ու բիզնեսի հիմնման հիանալի օրինակ է, ինչը կարող է նաև վարակիչ ազդեցություն ունենալ:

Հաջորդ կանգառը Հնաբերդում էր, ուր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Դվինի հնավայր: Նրան դիմավորել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Դվինը հիմնադրվել է 4-րդ դարում, եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը:

Հնավայրի տարածքում վերջին տարիներին վերականգման ակտիվ աշխատանքներ և պեղումներ են իրականացվում: Համայնքը նպատակ ունի հնավայրի տարածքում թանգարան կառուցել:

Արարատի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Մասիս քաղաքում, որտեղ այցելել է Ֆրանկոֆոնիայի այգի:

Զբոսայգին հիմնադրվել է 2019 թվականին, ունի խաղահրապարակներ, շատրվաններ: 3 տարվա ընթացքում դարձել է Մասիսի բնակիչների սիրելի վայրը:

Վերջին տարիներին Մասիսի շատ դպրոցներում ֆրանսերեն է դասավանդվում, Մասիսի զարգացման հիմնադրամը նախատեսել է առաջիկա տարիներին «ԹՈւՄՈ» կենրրոն հիմնել զբոսայգու հարակից տարածքում:

Վարչապետի տիկինը զբոսնել է Մասիսի Ֆրանկոֆոնիայի այգում, շփվել զբոսնող քաղաքացիների ու երեխաների հետ: