Skip to content

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակման գալա համերգին

Բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև, հավասար հնարավորություններ ընձեռել նրանց սովորելու, ստեղծագործելու, երազանքներ ձևավորելու և նյութականացնելու՝ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի նպատակն է, որն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Արդեն երրորդ անգամ կազմակերպվող փառատոնի փակումը տեղի է ունեցել Գաֆէսճյան արվեստի կենտրոնի տարածքում, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանն ու արտ-փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանը: Վերջինս Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ մասնագիտական փորձի փոխանակման նպատակով հրավիրել են մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից և Հորդանանից, որպեսզի հայ մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար գիտահետազոտական աշխատանքներին: Այդ նպատակով կազմակերպվել են սեմինարներ ու վարպետության դասեր:

Նաիրա Սարգսյանը, բեմ հրավիրելով վարչապետի տիկնոջը, շնորհակալություն է հայտնել մշտապես փառատոնի կողքին լինելու և իրենց աջակցելու համար: Ընդունելով շնորհակալությունը՝ տիկին Հակոբյանը խոստացել է, որ այն շարունակական բնույթ է կրելու:

«Կողք կողքի» առաջին երկու փառատոներն անցկացվել են 2019 և 2021 թվականներին։ Այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային և գաղափարի շուրջ համախմբել է նաև անվանի արվեստագետների, ներառական ոլորտի մասնագետների։

Փառատոնի փակման արարողության գալա համերգի ընթացքում անվանի երաժիշտների ու երգիչների հետ նույն բեմում, կողք կողքի հանդես գալու առիթ են ունեցել նաև փառատոնի պատանի մասնակիցները։