Skip to content

Մի օր շրջելու ենք պատմության էջը. Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տեսլականը

Շվեյցարահայ կառույցների հրավերով Ժնևում այցով գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տիկին Աննա Հակոբյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց, որ Ժնևում հավաքվել են մի մեծ նպատակի շուրջ՝ նպաստելու հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի զարգացմանը:

«Մենք` աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, չափազանց ծանր փորձությունների միջով անցանք և դեռ շարունակում ենք անցնել, բայց, ինչպես սիրում եմ ասել, պետք է մի օր շրջենք պատմության էջը և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, երբ տա Հայաստանի անունը,  պետք է միայն զգա բերկրանք, հպարտություն և ուրախություն: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս նպատակին են ուղղված մեր բոլոր ջանքերը», – ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ մարդու բարեկեցության, երջանկության, ապահովության համար է այն ծառայությունը, որ օր ու գիշեր կատարում են: Աննա Հակոբյանը նշեց, որ մեր բոլորի ջանքերը պետք է միավորվեն ավելի շատ, քան երբևէ, որովհետև ապագայում բազմաթիվ մարտահրավերներ կան:

«Մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ ես ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ չափով մեղմենք երկու տարի առաջ ունեցած ծանր և ցավոտ կորուստները», – ասաց Աննա Հակոբյանը:

Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպումը շարունակվեց «Իմ քայլը» հիմնադրամի  փիլիսոփայության և առաքելության ներկայացմամբ: Գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ մարդկանց աջակցելու լավագույն տարբերակը նրանց կրթությունն ապահովելն է, հմտությունները զարգացնելը:

«Մենք կարող ենք նրանց օգնել, որ դառնան անկախ, ինքնաբավ, ուժեղ և ամենօրյա մարտահարավերներն ինքնուրույն հաղթահարող: «Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է իրականացնել ծրագրեր ու նախագծեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը», – նշեց Մխիթար Հայրապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են նման ծրագրերն առաջնահերթություն հիմնադրամի համար, գործադիր տնօրենը նշեց, որ սույն որոշումը բխում է այն իրողությունից, որ Հայաստանի և հայ ժողովրդի կարևորագույն ռեսուրսը՝ մարդն է՝ իր մտքով, իր կարողություններով, ուստիև «Իմ քայլը» հիմնադրամն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է հենց մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա:

«Մենք փորձում ենք օգտագործել Հայաստանի և սփյուռքի մարդկային ռեսուրսները, որպեսզի օգտակար լինենք հենց նրանց: Մեր նպատակն է մարդկանց ապահովել գիտելիքով և հմտություններով: Հիմնադրամի առաքելությունն է մեր հասարակությանը դարձնել մրցունակ, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ապագայի մարտահրավերներին և պատվով հաղթահարել յուրաքանչյուր փորձություն», – ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների. այս տրամաբանությամբ է «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում ծրագրեր: Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 4 նախաձեռնությունները: «Հորիզոններ» դուալ կրթական, «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և առաջիկայում մեկնարկելիք «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը: Այս և ապագա ծրագրերն ընդգրկելու են հասարակության բոլոր շերտերը:

Ժնևում կայացած հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Նրանք շեշտեցին, որ իրենց համար կարևոր է թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Մխիթար Հայրապետյանն էլ, իր հերթին, հավաստիացրեց, որ առաջիկայում նրանց կներկայացվեն «Իմ քայլը» հիմնադրամի՝ նախորդ տարիների գործունեության մանրամասն հաշվետվությունները:

Ներկաները շնորհակալություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի անցած ուղին ու ծրագրերը ներկայացնելու համար։ Միջոցառման արդյունքում հայ համայնքի մի շարք կառույցներ ու անհատներ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցության հայտեր ներկայացրին և հայտարարեցին իրենց կողմից կատարվելիք շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի աջակցության մասին: Բացի այդ, մի շարք այլ կառույցներ ու անհատներ խոստացան առաջիկայում դիտարկել մասնակցության ու աջակցության հնարավորությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնել իրենց համայնքային հանդիպումների ու միջոցառումների ընթացքում։