Skip to content

Աննա Հակոբյանը Ներքին Բազմաբերդ համայնքում հյուրընկալվել է Սարգսյանների բազմազավակ ընտանիքին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցն ավարտել է Ներքին Բազմաբերդ համայնքում։
Արագածոտնի մարզպետի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է Սարգսյանների բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվել երեխաների առողջությամբ ու ընտանիքի սոցիալական վիճակով։

«Երեք ամիս առաջ ընտանիքում եռյակի ծնունդով երեխաների թիվը դարձավ վեց», – ժպիտը հայացքին վարչապետի տիկնոջն է հայտնել Տիկին Լուսինեն, միաժամանակ հայտնելով, որ վեց երեխաների հետ ապրում են անապահով պայմաններում։

«Երջանիկ ընտանիք եք, եռյակի ծնունդով ամենամեծ պարգևը Աստված շնորհել է»,- նշել է տիկին Հակոբյանը։

Աննա Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կենցաղային պայմաններին հետաքրքրվել, թե ինչ պետական աջակցություն են ստանում։ Տիկին Լուսինեն փոխանցել է, որ եռյակի ծնունդով պայմանավորված 4.5 մլն միանվագ աջակցություն են ստացել և այժմ էլ ամսական նպաստի չափը կազմում է 150 հազար դրամ, նշելով սակայն, որ բազմազավակ ընտանիքի հոգսերը շարունակում են մնալ ծանր։

Աննա Հակոբյանը զրուցել է դպրոցահասակ երեխաների հետ, հորդորել լավ կրթություն ստանալ։