Skip to content

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ներքին Հանդ

Սյունիքի մարզում շարունակվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը: Ներքին Հանդ բնակավայրում նա այցելեց Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորեց ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը:

Արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում, ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով: Շրջայցի ընթացքում Արման Մկրտչյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց «Սոսու պուրակի» մասին լեգնեդներից մեկը և նշեց, որ պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։

Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպեց գյուղի բնակիչների հետ, լուսանկարվեց նրանց հետ և հետաքրքրվեց նրանց կենցաղով: Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար։

Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն հայտնեցին վարչապետին և կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։ Նրանք վարչապետի տիկնոջը խնդրեցին իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացավ կազմակերպել  գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ։