Skip to content

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելեց Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։

Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնեց, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին է և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։

Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց կատարեց արտադրամասում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ։

Աննա Հակոբյանին հայտնեցին` Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։

Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրեցին արտադրամասում կարված պայուսակ:

Աննա Հակոբյանը Շիկահողում հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի և արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին: