Skip to content

Աննա Հակոբյանն ու Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին: Ջերմ մթնոլորտում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է իր ծավալած գործունեության, մասնավորապես Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող արաբ կին գործարարների խորհրդի (Arab Council of Businesswomen) մասին: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին: Ներկայացնելով արշավի նպատակը՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, և եկել է այն պահը, որ կանայք պետք է համախմբվեն՝ հանուն խաղաղության:

Զրույցի ընթացքում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է Հայաստան իր այցելությունների մասին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր անգամ առանձնահատուկ ջերմությամբ է այցելում: Վերջինս պատմել է ազգությամբ հայ տատիկի՝ Եղիսաբեթի մասին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Զեյթունում ապրող իր տատիկը բռնել է գաղթի ճամփան և հասել է Դեր Զորի անապատ, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի պապիկին: Քուվեյթի 14-րդ Էմիրի դուստրը պատմել է, որ հայուհի տատիկն իր կյանքում շատ մեծ դեր է խաղացել, և անընդհատ մղել  է արքայադստերը կրթվել և պայքարել նպատակներին հասնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը համարվում է հաջողակ գործարար: Նա առաջին կինն է, որ Քուվեյթում հիմնադրել է սեփական բիզնեսը` այդ կերպ ոգեշնչելով բազմաթիվ արաբ կանանց:  Քուվեյթի արքայադուստրը կանանց իրավունքների ակտիվ պաշտպան է: Այդ նպատակով նա ակտիվ գործունեություն է ծավալում և ղեկավարում մի շարք հանձնաժողովներ՝ մասնավորապես, Արաբ կին գործարարների խորհուրդը (Arab Council of Businesswomen), Քուվեյթի կին կամավորների միությունը (Kuwait Volunteers Women Society) Քուվեյթի կին գործարարների կանանց միությունը (The Kuwait Businesswomen Committee), Արաբ-աֆրիկյան կանանց խորհուրդը (Arab African Woman Council), Կանանց հարցերով հանձնաժողովը (Women’s Affairs Committee) Արաբ կին գործարարների խորհուրդը արաբական ոչ կառավարական և ոչ առևտրային տնտեսական միություն է, որը գործում է Արաբական երկրների լիգայի ներքո: Խորհուրդը համագործակցում է տարբեր ասոցիացիաների, մարմինների, կազմակերպությունների հետ: Խորհրդում ընդգրկված են արաբական աշխարհում հայտնի կանայք: