Skip to content

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացմանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներն այսուհետ Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանին ավելի հաճախ կհիշեն հենց նրա անունը կրող սրահում։ Հունվարի 28-ին՝ կապիտան Ուրֆանյանի ծննդյան և Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով կենտրոնում բացվել է հերոսի անվան սրահը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, պատգամավորներ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում զոհված հերոսների ծնողները։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հերոսների անունով սրահների բացումն ավանդույթ է դարձել: Արդեն գործում են Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անունները կրող սրահները։ Կենտրոնի հաջորդ մարտահրավերը Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անվամբ սրահի կառուցումն է:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Իմ քայլը» հիմնադրամը 2019 թվականին  մոտ 400 հազար դոլար է հատկացրել կենտրոնի զարգացման նպատակով: «40 տոկոսով մեծացել է կենտրոնի թողունակությունը: Ողջ բժշկական անձնակազմը վերապատրաստվել է, այդ թվում արտերկրում, բացվել են հոգեբանի, կինեզոթերապիայի և լոգոպեդի նոր սենյակներ, բուժկենտրոնը համալրվել է նոր սենյակներով: Կարևորում եմ նաև կենտրոնի կողմից վերապատրաստման և կրթական ծրագրերի իրականացումը, որը թույլ է տալիս տղաներին վերականգնվելուց հետո վերաինտեգրվել հասարակությանը՝ ստանալով նոր մասնագիտություն»,- ասաց Հովհաննես Ղազարյանը հավելելով, որ 2020-ին հիմնադրամի աջակցությունը շարունակվելու է: ‹‹Իմ քայլը›› Հիմնադրամը կենտրոնին աջակցում է բացառապես ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանի կողմից հատկացված նպատակային նվիրատվությամբ:

Ավելի ուշ Աննա Հակոբյանը տիկին Համեստ Ուրֆանյանի հրավերով ներկա է գտնվել նաև Արմենակ Ուրֆանյանի 30-ամյակին նվիրված ընտանեկան հավաքույթին։