Skip to content

Աննա Հակոբյանն այցելել է ‹‹Մեր տուն›› սոցիալական հասարակական կազմակերպություն

ՍՀՀ վարչապետի տիկին, ‹‹ Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմածնում գործում ‹‹Մեր տուն›› սոցիալական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել է կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին և արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրյայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։

‹‹Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարևոր է այն ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել և աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել,  հիմա, կարծում եմ, նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկներն շատ ավելի շահելու են››,- ասել է Աննա Հակոբյանը։ Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ ‹‹Մեր տան›› աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։

‹‹Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք և՛ լավ օրեր, և՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն և այսօր արդեն այդ մեծ երազանքը կարծես դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական››,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։

Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։

Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ‹‹Մեր տան›› պատվավոր հյուրերի գրքում։