Skip to content

Աննա Հակոբյանի ուղերձը «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակում

ՀՀ վարչապետի տիկին, «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի եւ հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահ, Իմ քայլը» և «City of smile – Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում:

«Մարդիկ լույս աշխարհ են գալիս հավասար, և հեռանում են այս աշխարհից հավասար: Բայց, դժբախտաբար, կյանքի ընթացքում բոլորը չէ, որ ունենում են հավասար հնարավորություններ, արժանանում պատշաճ վերաբերմունքի, հոգատարության և խնամքի: Այնինչ, աշխարհը որքան ավելի լավը կլինի, եթե բոլորս ամեն վայրկյան հիշենք, որ յուրաքանչյուրիս առաքելությունն է հոգ տանել մեր կողքինի մասին, և աշխարհն ապրելու ավելի լավ տեղ դարձնել բոլորիս համար՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, և այլն: Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է: 21-րդ դարում մարդու իրավունքների ոտնահարումները, ավելի թույլերին ճնշելու, հետապնդելու, երբեմն նաև ամենատարբեր հիմնավորումներով ոչնչացնելու ուղիներն ավելի կատարելագործված, և համակարգային են դարձել: Մեր բոլորի աչքի առաջ դեռ ժողովուրդներ են ցեղասպանվում: Կյանքի, ազատության և անձնական անվտանգության իրավունքը, ստրկությունից և խոշտանգումներից ազատ ապրելը, աշխատելու և կրթություն ստանալու հնարավորությունը, դավանանքի ազատությունը և հավասարությունն օրենքի առջև, մարդու այս հիմնական իրավունքները մեր բոլորինն են, և մենք պետք է ամեն օր պաշտպանենք և փառաբանենք դրանք: Մենք պետք է խոսենք նրանց փոխարեն, որոնք չեն կարող իրենք հետամուտ լինել իրենց իրավունքների իրացմանը, որովհետև չկա խաղաղ քուն, երբ պատերազմ է, և չկա երջանկություն, երբ շուրջդ դժբախտություն է: Հայ ժողովուրդը Հայաստանում և ողջ աշխարհում, որպես մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը հաղթահարած ժողովուրդ, պետք է համամարդկային այս օրակարգի կրողը դառնա, մարդու իրավունքների պաշտպանության, ամեն առանձին վերցրած անհատի իրավունքների իրացման առաջամարտիկը՝ ամեն օր, ամենուր և ամեն ժամ: Մենք պետք է նպաստենք, որ դիմացինի իրավունքների պաշտպանությունը դառնա կենսակերպ աշխարհի բոլոր ծայրերում, միայն այդպես աշխարհն ավելի լավը կդառնա մեր, և բոլորի համար»,- նշված է ուղերձում: