Skip to content

Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ Սուդհա Մուրտիին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական
հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանակ հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։ Տիկին Մուրտին պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարեւորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։ «Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարեւոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։ Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք
հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն եւ աշխատանք։
Աննա Հակոբյանն էլ պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և  ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակների և առաքելության մասին։

Սուդհա Մուրտին իր մասնագիտական կարիերան սկսել է որպես համակարգչային ինժեներ։ Նա հանրահայտ Infosys հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է և Gates հիմնադրամի անդամ, որը զբաղվում է հանրային առողջության հիմնախնդիրներով։ Տիկին Մուրտին հիմնադրել է բազմաթիվ մանկատներ, ներգրավված է գյուղական համայնքների զարգացման ծրագրերում, աջակցել է շարժմանը, որը պահանջում էր Կարնատակա նահանգի բոլոր դպրոցներն ու գրադարաններն ապահովել համակարգիչներով։ Infosys հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է Հնդկաստանի Կարնատակա նահանգում։ Այն գործում է 1996 թվականից և աջակցում է հասարակության խոցելի խմբերին։ Հիմնադրամն աջակցում է ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, գյուղական համայնքների զարգացման, առողջապահության, արվեստի և մշակույթի ոլորտներին։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հնդկաստանի մի քանի նահանգների հեռավոր համայնքներում։ Հիմնադրամը հովանավորվում է միայն համանուն Infosys կազմակերպությունից և արտաքին նվիրատվություններ չի ընդունում։