Skip to content

Աննա Հակոբյանն ու ԱՄՆ առաջին  տիկին Մելանյա Թրամփն առանձնազրույց են ունեցել

Մարտի 4-ին ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի կողմից անցկացվող ամենամյա «Միջազգային խիզախ կանայք» (International Women of Courage) մրցանակաբաշխությանը, որը հյուրընկալել էր պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի  մասնակցությամբ։

Մրցանակաբաշխությունից առաջ, տիկին Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ: Վերջինս ողջունել է տիկին Հակոբյանի այցը Միացյալ Նահանգներ և նրա մասնակցությունն այս միջոցառմանը: Երկու առաջնորդների տիկնայք կարևորել են աշխարհում կանանց առաջնակարգ դերը, ինչպես նաև ամենամյա այս միջոցառման անցկացման կենսական նշանակությունը, որն օրինակ է ծառայում և ոգեշնչում կանանց:

«Միջազգային խիզախ կանայք» մրցանակը հանձնվում է այն կանանց, ովքեր ցուցաբերում են բացառիկ առաջնորդություն ու խիզախություն, պատրաստակամություն վտանգելու սեփական կյանքը՝ խաղաղության, սոցիալական արդարության և մարդու իրավունքների ու գենդերային հավասարության պայքարում։

Այս տարի պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մրցանակ հանձնեցին 12 կանանց։ Մրցանակակիրների թվում էր նաև Հայաստանը ներկայացնող լրագրողուհի Լյուսի Քոչարյանը։ Լյուսի Քոչարյանը հանրությանը ճանաչելի է դարձել 2018թ․` նախաձեռնելով «#Բռնության ձայնը» (voice of violence)։ Նա, օգտագործելով սոցիալական հարթակը, բարձրաձայնում է մտավոր խնդիրներ ունենցող երեխաների մասին, պայքարում կանանց և երեխաների նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական և ընտանեկան բռնության դեմ:

«Միջազգային խիզախ կանայք» մրցանակը հիմնադրվել է 2007 թվականին Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի կողմից։ Հիմնադրումից ի վեր մրցանակին արժանացել են 146 կանայք` 77 երկրներից ։

ԱՄՆ յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչություն իրավունք ունի ներկայացնելու մեկ «խիզախ կնոջ» թեկնածու այն երկրից, որտեղ որ տեղակայված է։ Մրցանակակիրներին ընտրում են Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները։