Skip to content

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղերձը Ականների վտանգի մասին իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված կլոր-սեղանի մասնակիցներին

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ Ականների վտանգի մասին իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված կլոր-սեղանի մասնակիցներին։

Շնորհակալ եմ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին և «ԼԻՆՔՍ» վերլուծական կենտրոնին այս կարևոր նախաձեռնության համար։ Վստահ եմ, որ միջոցառման անցկացումը հնարավորություն կտա գնահատել Հայաստանում առկա իրավիճակը հակաականային գործունեության ոլորտում ու նախանշել Հայաստանի ու միջազգային գործընկերների միջև համագործակցության հետագա ուղիները։

2005թ. ՄԱԿ-ի կողմից ապրիլի 4-ը հռչակվեց ականների մասին իրազեկման օր՝ որպես հիշեցում ականների ու պատերազմի չպայթած այլ մնացորդների սպառնալիքի գոյության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Այն նաև հնարավորություն է տալիս մեզ հիշատակի տուրք մատուցելու այս մահացու զենքի բազում անմեղ զոհերին և վերահաստատելու մեր հանձնառությունը ականներից զերծ ապահով ու անվտանգ ապագայի հանդեպ:

Այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի այն երկրների համար, որոնց, դժբախտաբար, ծանոթ է ականների վտանգը, որոնք տեսել ու շարունակում են տեսնել մարդկային կորուստներ, որոնք զգում են այն սոցիալական ու տնտեսական բացասական հետևանքները, որոնք իրենց հետ բերում են այս զինատեսակները:

Հայաստանը, դժբախտաբար, այդ երկրների թվում է: Հայաստանում ականների ամենօրյա վտանգի հարևանությամբ ապրում է շուրջ 35,000 մարդ: Մենք պարտավոր ենք երաշխավորել նրանցից յուրաքանչյուրի անվտանգ ու ապահով կյանքի իրավունքը: Այս առումով կարևոր քայլ էր 2011թ. ՀՀ կառավարության կողմից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հիմնումը: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանում այս կարևոր, բայց վտանգավոր առաքելությունն իրականացնող անձանց, ովքեր, շատ հաճախ վտանգելով սեփական կյանքը, ապահովում են ուրիշների անվտանգությունը: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին ու դոնոր երկրներին, որոնք աջակցում են մեզ այս կարևոր գործում:

Հակաականային գործունեության կենտրոնում մարդն է, նրա անվտանգությունը, ուստի այն պետք է զերծ լինի քաղաքականությունից: Մարդու կյանքի իրավունքն անքակտելի է, այն գերագույն արժեք է, որը չի կարող զոհ գնալ քաղաքական հաշվարկների: Այս գիտակցումը պետք է առաջնորդի մեզ մեր նախաձեռնություններում:

Եվս մեկ անգամ ողջունում եմ միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին ու մաղթում արգասաբեր քննարկումներ։