Skip to content

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին:

Աննա Հակոբյանը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո կայացել է տիկինների առանձնազրույցը:

Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝  «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի, դրա կարևորության մասին, քննարկել են նաև առաջիկայում համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները:

Վարչապետի տիկինը Էլիզա Ռիդին տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովի շրջանակներում այցելել Իսլանդիա: Մատնանշել է, որ ֆորումը հանդիսանում է լավ հարթակ համաշխարհային կարևոր հարցերին անդրադառնալու տեսանկյունից:

Քննարկվել է նաև առաջին տիկնանց ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունները, ինչ թույլ կտա նոր լուծումներ փնտրել կանանց, գենդերային հավասարության ու այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հասարակությունում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությանը, իրավունքների պաշտպանությանը ինչպես նաև տարբեր պաշտոններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները, դրա առաջ ծառացած մարտահրավերները, կարևորվել է խաղաղության հաստատումը, ինչը տարածաշրջանում կբերի կայունություն և բարեկեցություն:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական ձեռքբերումները:

Էլիզա Ռիդը ներկայացրել է իր գործունեությունը, ընդգծել, որ հանդիսանում է զբոսաշրջության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան ինչպես նաև գործակցում է «Բիզնես Իսլանդիայի» հետ, որը միտված է բարձրացնելու Իսլանդիայի մասին տեղեկացվածությունը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Իսլանդիայի միջև գործակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռեյդին հրավիրեց այցելելու Հայաստան: