Skip to content

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը»,-իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար: ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն էլ համայնքին է փոխանցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը

Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքներն է բերել շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը: