Skip to content

Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ

ԱՄՆ այցի շրջանակում Լոս Անջելես քաղաքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile  ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ունեցել է մի շարք հանդիպումներ: Լոս Անջելես այցի առաջին օրը` ապրիլի 6-ին Աննա Հակոբյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերժ Թանկյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է ամերիկահայ հայտնի գործարար Մայք Սարյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Հանդիպմանը ներկայացվել է երկու հիմնադրամների գործունեությունն ու  Մայք Սարյանի հետ ապագայում համագործակցության ուղիները:

Ապրիլի 8-ին Աննա Հակոբյանը հանդիպել է «Health and health for all» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նուբար Ջանոյանի, նախագահ Ադրինե Էբրահիմյանի և հասարակական կազմակերպության այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Նուբար Ջանոյանն ու Ադրինե Էբրահիմյանը ներկայացրել են իրենց հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը: Էդրինե Էբրահիմյանը նշել է, որ իրենք միշտ ցանկացել են գործունեություն իրականացնել Հայաստանում, սակայն երբեք կառավարության գործունեության հանդեպ վստահություն չեն ունեցել:  «Այսօր Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո մենք վստահ ենք, որ կարող ենք իրականացնել մեր ծրագրերը»,- ասել է Էբրահիմյանը:

Ապրիլի 10-ին Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը UCLA համալսարանում հանդիպել են նաև բժիշկ, բարերար Էրիկ Էսրայելյանին՝ քննարկել հնարավոր համագործակցության բազմաթիվ ոլորտներ: Նույն օրը Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը համագործակցության նոր հեռանկարների մասին են խոսել ամերիկահայ բարերար, Մանուկյան Սիմոն հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնի հետ:

Լոս Անջելես այցի ընթացքում՝ ապրիլի 7-ին, Աննա Հակոբյանը Բրբենքի Ս. Ղևոնդյաց եկեղեցում ներկա է գտնվել Լուիզ Մանուկյան Սիմոն հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագին: