Skip to content

Աննա Հակոբյանը հանդիպել է Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել այնտեղ սովորող հայ ուսանողներին և հայ պրոֆեսորներին: Պրոֆեսորներ Արեգ Դանագուլյանը, Լեռնա Էքմեքչիօղլուն և Քլարք համալսարանի ցեղասպանությունների և հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը Աննա Հակոբյանի հետ ունեցել են առանձին քննարկում, ներկայացրել հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ: Պրոֆեսորները նկատել են, որ Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը շատ լավ օրինակ է, որպեսզի այսօր Հայաստանում հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում հայ կանանց ներգրավվածությունը մեծանա:  Այդ առնչությամբ նրանք հատկապես կարևորել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որտեղ խաղաղության հաստատման գործում ևս մեկ անգամ ընդգծվում և կարևորվում է կանանց դերակատարումը:

Ավելի ուշ Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում ներկա դրությամբ սովորող շուրջ երեսուն հայ ուսանողներին: Նրանք ներկայացրել են այն ոլորտները, որոնք ուսումնասիրում են և պատկերացումները, թե ինչպես կարող են ուսումնառությունն ավարտելուց հետո օգտակար լինել երկրին իրենց գիտելիքներով և փորձով: Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք «Իմ քայլը» հիմնադրամն էլ «Լույս» հիմնադրամի պես կփակվի, եթե մի օր Հայաստանում նորից իշխանափոխություն լինի, Աննա Հակոբյանը նշել է, որ իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության շարունակակությունն իր առաջնահերթություններից մեկն է:

«Ես հիմնադրամի շնորհանդեսին էլ եմ հայտարարել, եթե ապագայում իմ ամուսինը չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամների գործունեությունը կփոխանցեմ Հայաստանի հաջորդ ղեկավարի տիկնոջը, որպեսզի սկսված ծրագրերը չկանգնեն և շարունակեն ընթանալ»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ուղղությունները: Ուսանողներն էլ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու համագործակցության մի շարք ծրագրեր:

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Ջորջ Դալեյը: Հարվարդի համալսարանի ուսանողների հետ կապերի ղեկավար Ռոզա Սոլերի և բժշկական դպրոցի դասախոս Ֆիդենսիո Սալդանայի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը շրջել է դպրոցով, ծանոթացել կրթության մատուցման նոր մեթոդներին:

Աննա Հակոբյանն այցելել է նաև Հարվարդի համալսարանի բժշկական քոլեջին կից հետազոտական լաբորատորիա: Լաբորիատորիայի տնօրեն, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Արա Նազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել լաբորատորիայի բժիշկների կատարած նոր հետազոտությունները, որոնք կարող են նոր խոսք ասել օրթոպեդիկ բժշկության բնագավառում: