Skip to content

 Աննա Հակոբյանը Գյումրիում ներկա է գտնվել «Մանսուրյան-80» համերգաշարի եզրափակիչ համերգին

Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած «Մանսուրյան-80» համերգաշարի եզրափակիչ համերգով սեպտեմբերի 13-ին ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր:

«Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս գաղափարը, այդ ժամանակ դժվար  էր պատկերացնելը, թե ինչ ճանապարհ ենք անցնելու, որովհետև և՛ գաղափարը, և՛ դրա իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ իսկապես արժանի լիներ մեր մաեստրոյին: Աստված իր երաժշտությունը նվիրում է մեզ հիանալի կոմպոզիտորների միջոցով: Աստված մեզ նվեր է տվել մաեստրո Մանսուրյանին և իր միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը: Մաեստրո, շնորհավորում եմ, խոնարհվում եմ Ձեր առջև և շնորհակալ եմ, որ Դուք կաք»,- նշել է քաղաքապետը:

Հայաստանի մշակութային մայրաքաղաքում ևս հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հարազատ հնչյուններ ու ֆիլմեր, որոնց մեծ մասը նոտագրվել ու ծնունդ են առել հենց Գյումրիում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ է մատուցել ունկնդրին: Ի դեպ, համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։

80-ամյակի առթիվ անցկացվող համերգաշարը մանսուրյանական տարվա ընթացքում ունկնդրին տեղափոխեց Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ:

«Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։