Skip to content

‹‹Իմ քայլը›› հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել 54 ուսանողի․ միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգստոսի 30-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ներկա է գտնվել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, հիմնադրամի կրթաթոշակառուները:

Իր ելույթում Աննա Հակոբյանը շեշտել է, որ հպարտություն է զգում ինչպես երիտասարդների, այնպես էլ հիմնադրամի գործունեության համար։

«Հեղափոխությունից հետո «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, կասեցրեց գործունեությունը: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվեց այդ բացը լրացնելու համար: Անցյալ տարի շատ արագ և ճգնաժամային իրավիճակում կարողացանք ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով››,- ասաց Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ պետությունը սպասում է բոլոր ոլորտներում սովորող ուսանողների վերադարձին հայրենիք այն հույսով, որ իրենց գիտելիքները կօգտագործեն՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունը:

«Կարելի է հաց չուտել, որոշ ժամանակ դիմանալ սովին, բայց պարտադիր է ներդրում անել կրթության մեջ: Ես դա պատահական չեմ ասում, այլ ասում եմ իմ ընտանիքի փորձից, որովհետեւ, երբ ես ուսանող էի և սովորում էի Երևանի պետական համալսարանում, շատ դժվարին ժամանակներում էինք ապրում. ծնողներս ընտրում էին զրկել իրենց տարբեր բաներից և այդ գումարը տրամադրել իմ կրթությանը։ Դա իհարկե իր արդյունքը տալիս է։ Հայաստանը փոքր ընտանիք է, և այն ինչ այսօր մենք անում ենք՝  նման է իմ անձնական, իմ ընտանիքի պատմությանը։ Քանի որ ասել, որ մենք այդ գումարը հեշտությամբ ենք ձեռք բերում՝ դա այդպես չէ։ Եվ այն խոսակցությունը, այն պատկերացումը, որ եթե վարչապետի տիկինն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ հեշտությամբ բոլոր խնդիրները կլուծվեն, դա այդպես չէ։  Ինչպես ընտանիքում, եթե երեխան ընդունվել է համալսարան՝ ծնողները դիմում են տարբեր ծանոթների՝ պարտք են վերցնում, վարկ են վերցնում, նույնը այս իրավիճակում է։ Մենք խնդրում ենք, համոզում ենք, ասում ենք, որ սա ճիշտ ներդրում է և փորձում ենք գումար հայթայթել»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով որ կրթության մեջ ներդրումը ամենակարևորն է։ Վարչապետի տիկինը ուսանողներին մաղթել է ուսումնական տարին անցկացնել առավել արդյունավետությամբ և առավելագույն գիտելիք ստանալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ ուսանողները հնարավորություն ունեն բացել մի նոր էջ իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտագործելու են ամբողջ կյանքում

«Լավ է, որ կան նման հիմնադրամներ, որոնք աջակցում են առաջին հերթին մեր երիտասարդներին և երկրորդ հերթին պետությանը, որովհետև բարեփոխումների այս փուլում հիմնականում մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կունենան ստեղծագործելու, վերլուծելու հմտություններ, կունենան նոր գիտելիք և նորարարության ոլորտում հաջողություններ: Սա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար: Պետությունը, իր հերթին, որոշակի ջանքեր գործադրում է, բայց մեր գործընկերները նույնպես օգնում են այս ճանապարհին»,- ասաց Հարությունյանը:

‹‹Մեզ համար այսօր իսկապես տոնական օր է, տոնական, թե՛ հիմնադրամի, թե՛ Ձեզ համար և ինչու չէ նաև մեր պետության համար, քանի որ մենք տոնում ենք մարդկային կապիտալի զարգացման օրը։ Մարդկային ռեսուրսը մեր երկրի կարևորագույն ռեսուրսն է երկարաժամկետ զարգացման համար և հիմնադրամը, որպես իր առաքելություն, ստանձնել է նպաստել այս ռեսուրսի զարգացմանը։ Շնորհավորում եմ Ձեզ սիրելի կրթաթոշակառուներ։ Դուք ներդրում եք անում թե՛ Ձեր անձնական հետագա կայացման, թե պետության զարգացման գործում››,-ասաց ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ուսանողներին մաղթելով բարի երթ և մասնագիտական հաջողություններ։

Միջոցառման ավարտին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ուսանողներին հանձնել են կրթաթոշակների հավաստագրերը։

Կրթաթոշակային ծրագիրը ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի կարևոր ուղղություններից մեկն է։ Հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի առաջընթացին։

2019-2020 ուսումնական տարվա համար Հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից: 32 դիմորդ մերժվել է՝ չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, 58 դիմորդ մասնակցել է Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի: Այս պահին հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները: