ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փոխտնօրեն Մաքս Սուինի և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի նախկին գլխավոր մասնագետ Լևոն Ավդոյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը նախ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, ծանոթացել գրադարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին: Վարչապետի տիկինը ծանոթացել է նաև գրադարանի պահոցներում ցուցադրված հայկական մանրանկարներին ու գրքերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Հակոբյանը Կոնգրեսի գրադարանին է նվիրել Մատենադարանի մասին պատմող գիրք: Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, ի պատիվ տիկին Հակոբյանի կայացել է ընդունելություն, որը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուն և հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին: Միջոցառմանը ներկա էին կոնգրեսականներ Ֆրենկ Փըլոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Թոմսոնը, Ջոն Քոքսը, Ջուդի Չուն, Ռաջա Քրիշնամուրթին, Քեթրին Քլարքը, Ջեֆրի Ֆորթենբերին, Թոմ Սուազին, Դորիս Մացուին, Զոե Լոֆգրենը: Ընդունելությանը Աննա Էշոուին, Ջեքի Սփիըրին և Ադամ Շիֆը հանդես են եկել ելույթներով, խոսել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած խաղաղ ոչ բռնի Թավշյա հեղափոխության ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության մասին: Ընդունելության ավարտին ծավալուն ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը, ներկայացրել իր գլխավորած «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը պատմել է նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման մասին՝ կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման գործում:
Ամբողջական ելույթը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ: