Skip to content

Աննա Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում բարեգործական գալա-ճաշկերույթին

Հարգելի´ ընկերներ և հյուրեր,

Ինձ համար մեծ հաճույք է տեսնել Ձեզ բոլորիդ այստեղ և շնորհակալություն ձեր ներկայության և մասնակցության համար: Ես կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել այս երեկոյի կազմակերպիչներին՝ հայ-ամերիկյան բժշկական կազմակերպությանը, մեր լավ ընկեր բժիշկ Շանթ Շախերդեմյանին, ով այս ամիսների ընթացքում տքնաջան աշխատել է, որ այս միջոցառումը դառնա իրականություն: Այս երեկոն շատ կարևոր առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այսօր մենք միավորվում ենք մեկ նպատակի համար՝ ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն հայ մանուկների համար: Տարեկան Հայաստանում հարյուր երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին: Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղով տառապող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, և դա մեր պարտավորությունն է՝ թույլ չտալ, որ նրանց կյանքերն ընդհատվեն ֆինանսի բացակայության պատճառով: Դուք ավելի քան ես տեղյակ եք, որ քաղցկեղը մեր ժամանակներում այլևս առաջվանը չէ: Այն այլևս այն սարսափելի և անբուժելի հիվանդությունը չէ, ինչպես տարիներ առաջ: Մարդկությունը և դուք՝ բժիշկներդ գտել եք քաղցկեղը հաղթահարելու ուղիները: Այսօր հիմնականում մենք կարող ենք հաղթել քաղցկեղի դեմ պայքարում, բայց դեռևս լինում են դեպքեր, երբ մենք հաջողություն չենք ունենում և բժշկությունն ու գիտությունը դեռևս չեն գտել քաղցկեղի դեմ կախարդական բանալին բոլորի համար: Եվ այդ պատճառներից գլխավորն էլ այն է, որ մեծ գումարներ են հարկավոր այդ ճակատամարտի համար: Այսօր հիմնականում հարուստ և զարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է, քաղցկեղը լոկ հիվանդություն է, բայց առավել քիչ զարգացած երկրներում քաղցկեղն ու մահը հոմանիշներ են: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ես վստահ եմ, որ շատ շուտով մեր երկիրը տեղ կզբաղեցնի աշխարհի զարգացած երկրների շարքում: Բայց այսօր, այս վայրկյանին քաղցկեղով հիվանդ մեր երեխաները չեն կարող սպասել այդ զարգացմանը, մեր երեխաները սպասում են բուժման և դրա համար նրանք մեր օգնության կարիքն ունեն:

«City of smile» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, այդ կյանքերը դրական ուղղությամբ տանելու, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտը վերադարձնելու: Մենք սկսում ենք պահպանել մեկ ժպիտը՝ միաժամանակ բերելով ժպիտ ընտանիքին, որովհետև ինչպես ես մի անգամ ասել եմ, փրկելով մեկի կյանքը մենք փրկում ենք աշխարհը: Ձեզանից շատերը բազմաթիվ անգամ օգնել են մեր հայրենիքին, ես դա գիտեմ և դուք դա արել եք առանց որևէ ակնկալիքի, ձեր միակ մտածմունքը եղել է այն, որ ձեր օգնությունը ճիշտ տեղ հասնի: Այս առումով վստահեցնում եմ, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ ծառայելու է իր նպատակին՝ բուժել քաղցկեղով հիվանդ երեխայի, փրկել այդ հրեշտակների կյանքն ու վերադարձնել երջանկություն նրանց ընտանիքներին: Աշխարհի ամենավատ բանն է, երբ դուք պատկերացնում եք ծնողներին, որ նստած են անկողնում պառկած իրենց զավակի կողքին և ի վիճակի չեն նրան ոչնչով օգնել: Այսօր մի քանի հարյուր մարդ է այստեղ հավաքված և դա նշանակում, թե որքան շատ մարդ կա այդ երեխաների և նրանց ծնողների կողքին, փոխանցելով հույսի շող և մեկնելով օգնության ձեռք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այստեղ լինելու համար, շնորհակալություն այն թիմին, որ իրականություն է դարձրել այս միջոցառումը, շնորհակալություն համագործակցության և Հայաստանի կողքին լինելու համար: