Skip to content

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում եղել է Ղոմ քաղաքում, այցելել Մասումեի դամբարան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։

Ռեյհանե Ռաիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեյի դամբարանի պատմությունը։ Մասումեն Մուսա Բեն Ջաֆար շիաների 7-րդ իմամի աղջիկն և ըստ խոսույթի, Մուհամեդ մարգարեի ծոռը, որը մահացել է 18 տարեկանում։ Այս դեպքերը տեղի են ունեցել մոտ 1400 տարի առաջ։

Մասումեն հայտնի է իր կրոնական գործունեությամբ, որը կենդանության օրոք բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպել կանանց մասնակցությամբ, որտեղ քննարկվել են հիմնականում կրոնական հարցեր։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Մասումեի մզկիթ և դամբարան, ապա նաև թանգարան, որտեղ ներկայացված են հին դամբարանը զարդարող նախշազարդեր և այլ իրեր, ինչպես նաև իսլամական հեղափոխությունը խորհրդանշող իրեր, քանի որ հեղափոխությունը Ղոմ քաղաքից է սկսվել։

Շրջայցից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել նաև ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի հետ։ ԻԻՀ առաջին տիկինը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է դամբարանի այցից ու տպավորություններից, քննարկել են նաև «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» վերաբերող հարցեր։ Քննարկել են նաև ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ սպասվող հանդիպման մանրամասներ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հունվարի 20-ին։