Skip to content

Աննա Հակոբյանն այցելել է աշխարհում առաջատար Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ու «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 11-ին այցելել է ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց (St.Jude Children’s Research Hospital): Այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տնօրեն Ջեյմս Դաունինգին, փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգեզ-Գայլանդոյին և հիվանդանոցի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սիմա Ջեհայի հետ: Ջեյմս Դաունինգը ներկայացրել է հիվանդանոցի ստեղծման պատմությունը, այն արդյունքները, որոնց այսօր հասել է հիվանդանոցը և այն ձեռքբերումները, որոնք հիվանդանոցն ունեցել է մանկական քաղցկեղի դեմ պայքարում:

Ներկա դրությամբ հիվանդանոցն աշխարհի խոշորագույն և առաջատար մանակական քաղցկեղի կենտրոնն է և տարբեր տարիներին ճանաչվել է ԱՄՆ մանկական քաղցկեղի առաջատար կենտրոն: Այսօր հետազոտական կենտրոնն ունի հարյուրից ավելի գործընկերներ, լայն համագործակցություն աշխարհի բազմաթիվ երկրների հետազոտական կենտրոնների հետ:

«Տարեկան հիվանդանոցն ընդունում է ավելի քան 600 պացիենտի և, ըստ վիճակագրության, նրանց 80 տոկոսը հաղթահարում է քաղցկեղը»,- ասաց Ջեյմս Դաունինգը՝ հավելելով, որ տասնամյակներ առաջ հիվանդանոցի անձնակազմի շնորհիվ պացիենտների ընդամենը 20 տոկոսն էր հաղթահարում հիվանդությունը: Ջեյմս Դաունինգը շեշտել է, որ տարեցտարի հիվանդանոցն ընդարձակում է ծառայությունների ցանկը, անընդհատ կատարելագործում թե´ բուժման, թե´ հետազոտությունների որակը։ «Հիվանդանոցը ստեղծում է բոլոր պայմանները պացիենտի հարմարավետության համար: Այսօր արդեն հիվանդանոցում գործում է հիվանդների ընտանիքների համար նախատեսված կացարաններ, որպեսզի բուժման ընթացքում պացիենտի ու ընտանիքի անդամների կապը չկտրվի։ Հիվանդանացում տրամադրվող սնունդը, կացարանն ու տրանսպորտը տրամադրվում են անվճար: Բյուջեն, որ տարեկան կազմում է մեկ միլիարդ դոլար, գոյանում է նվիրատվությունների միջոցով: Ներկա դրությամբ հիվանդանոցի դոնորների թիվը գերազանցում է տասնմեկ միլիոնը: Նրանցից յուրաքանչյուրն ամսական 25 դոլար է նվիրաբերում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: Հիվանդանոցի անձնակազմը գերազանցում է 5000-ը: Ջեյմս Դաունինգը հպարտությամբ է նշում, որ հիվանդանոցում քաղցկեղից բուժված բազմաթիվ երեխաներ նախընտրում են դառնալ բժիշկ և ուսումն ավարտելուց հետո վերադառնում են հիվանդանոց արդեն որպես բժիշկ աշխատելու համար:

Իր խոսքում Աննա Հակոբյանը կարևորել է ոչ միայն հիվանդանոցի հետ համագործակցությունը այլև ապագայում հիվանդանոցի փորձի կիրառումը: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ երազում է նմանատիպ կենտրոն ստեղծել Հայաստանում:

Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությունն Աննա Հակոբյանի գլխավորությամբ շրջել է հիվանդանոցով, ծանոթացել մանակական քաղցկեղի պալիատիվ կենտրոնի և ընտանիքի համար նախատեսված կացարանի կառուցվածքի հետ՝ հետագայում այդ փորձը Հայաստանում օգտագործելու նպատակով: